Ախուրյանի շաքարի գործարանում քաղաքացու մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ հունիսի 3-ին ժամը 13:15-ի սահմաններում Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Ախուրյանի շաքարի գործարան»-ի տարածքում ջերմաքարշով բեռնատար վագոնները քարշակելու ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետևանքով մեկ անձ մահացել է։

Մասնավորապես՝ շարժման ընթացքում վագոնի կափարիչը դիպել է անգարի եզրին, այնուհետև՝ վագոնի վրա կանգնած երկու անձի, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: