Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանը, որը հունվարի 26–ին մեկնել էր Մոսկվա բուժման, վերադարձել է Երեւան եւ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան, հայտնեց, որ Մոսկվայում բուժումն արդյունք է տվել, սակայն ոչ շատ:

«Դրական առաջընթաց, իհարկե, կա, սակայն շատ մեծ փոփոխություններ վիճակի մեջ չկան: Այժմ Երեւանում ենք վերականգնողական բուժում ստանում: Ավետիսս պիտի օրուգիշեր աշխատի, վարժություններ անի, որ արդյունքի հասնենք»,- ասաց տիկին Սոնյան:

Նշենք, որ Ավետիս Զարգարյանը բուժման էր մեկնել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի հատկացրած միջոցներով: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ավետիսը կմեկնի Հնդկաստան եւ այնտեղ էլ կշարունակի բուժումը: Սակայն Պաշտպանության նախարարությունը չկարողացավ ինքնաթիռ գտնել:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի N զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ավետիս Զարգարյանը հակառակորդի կողմից 2016թ. ապրիլի 4-ին ստացել է համակցված ողնաշար-ողնուղեղային կույր հրազենային վիրավորում եւ հաջորդ օրն ուղղաթիռով տեղափոխվել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վիրավորման հետեւանքով առաջացել է ողնուղեղի պարանոցային եւ կրծքային հատվածի ծանր աստիճանի սալջարդ-ջնջխում:

Ավետիս Զարգարյանը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության մեկնելու նպատակով: