ԵՏՄ երկրների մտավոր սեփականության պաշտպանությամբ զբաղվող պետական մարմինները քննարկում են ապրանքանիշերի միասնական գրանցման մասին համաձայնագիրը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի մտավոր սեփականության պաշտպանության հարցերով գործակալության ղեկավար Արմեն Ազիզյանը։
Հիմա գրանցման ռեժիմի համար քննարկվում են երկու տարբերակներ՝ «կոնսենսուս» եւ «յուրաքանչյուրն իր համար»։
«Կարող է այնպես լինել, որ չորս երկրները համաձայնեն գրանցմանը, իսկ հինգերորդը՝ ոչ։ Այդ ժամանակ ապրանքանիշը չի գրանցվի։ Բայց կա նաեւ այլ տարբերակ՝ ով համաձայն է, թող նա էլ գրանցի»,- ասել է Ազիզյանը։
Նման մոտեցում է գործում Ապրանքանիշերի գրանցման հարցերով մադրիդյան համաձայնագրի շրջանակում, որին միացել է նաեւ Հայաստանը։
Եթե ԵՏՄ շրջանակներում համաձայնագիրը ստորագրվի, այն կհետաքրքրի առաջին հերթին նոր ընկերություններին, քանի որ Ռուսաստանի (կամ ԵՏՄ մյուս երկրների) շուկայի հին ներկայացուցիչներն արդեն վաղուց են այնտեղ գրանցել իրենց ապրանքանիշերը։
«Ընդ որում մեր համաձայնությունը Ռոսպատենտի հետ թույլատրում է գրանցում առանց միջնորդների, այսինքն գրանցում Ռուսաստանում՝ որպես իրավաբանական անձ»,- հավելել է Ազիզյանը։





























