Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները ներկայացվել են ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում անցկացված TEXSOM International Wine գինիների մրցույթում, որտեղ արժանացել են արծաթե մեդալի, հաղորդում է «Ասպարեզը»: 

Նշենք, որ TEXSOM International Wine-ը գինու ամենահեղինակավոր միջազգային մրցույթներից մեկն է:

Պարբերականի փոխանցմամբ, Yacoubian-Hobbs գինիներն արդեն հասանելի են Հայաստանի բոլոր բարձրակարգ ռեստորաններում եւ գինու սրահներում: Այս գինիները թողարկվել են նաեւ ԱՄՆ-ում:

Աշխարհում հայտնի գինեգործ Փոլ Հոբսը այս տարվա մայիսի սկզբին այցելել էր Հայաստանը եւ ներկայացրել Yacoubian-Hobbs ապրանքանիշի գինիները, ինչպես նաեւ այցելել է խաղողի այգիներ, դիտել գինու պատրաստման գործընթացը:

Նշենք, որ Yacoubian-Hobbs ապրանքանիշը գինեգործ Փոլ Հոբսի եւ Յակուբյանների ընտանիքի համագործակցության արդյունքն է, այն մասնագիտացել է Հայկական բարձրավանդակում բարձրորակ գինիների պատրաստման հարցում:

«Յակուբյան-Հոբս համագործակցությունը վկայում է, որ Հայաստանը բարձրորակ գինիներ պատրաստելու ներուժ ունի: Ի վերջո, սա գինեգործության օրրանն է եւ որպես այդպիսին պետք է իր տեղն ունենա որակյալ գինիների համաշխարհային քարտեզի վրա: Գինիների համը վկայում է, որ հայկական գինիները կարող են ներկայացվել համաշխարհային շուկայում: Մենք այդ ճանապարհին ենք եւ շատ ոգեշնչված ենք», - ընդգծել է Փոլ Հոբսը երեւանյան «Նոյան տուն» խանութ-սրահում: