Պոռնկությանը նպաստելու համար 3 տարվա ազատազրկման դատապարտված՝ Երեւանի մերսման սրահներից մեկի տնօրեն Սահակ Դավթյանը համաձայն չէ առաջին ատյանի կայացրած վճռի հետ:

Սահակ Դավթյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան է դիմել՝ պահանջելով արդարացնել իր պաշտպանյալին կամ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Նշենք, որ Սահակ Դավթյանին Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, դատապարտել 3 տարվա ազատազրկման եւ կալանավորել հենց նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սահակ Դավթյանը 2015թ. սեպտեմբերին վարձակալել էր Սեբաստիա 22 շենքի նկուղային հարկի տարածքներից մեկն ու այնտեղ կառուցելով լոգախցիկ՝ մինչեւ 2016թ. փետրվարն այն գործարկել որպես մերսման սրահ: Այնուհետև Ս.Դավթյանը որպես մերսող աշխատանքի է ընդունել 3 կանանց, որոնք սահմանված գնացուցակի համաձայն սեռական բնույթի գործողություններ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 10-ին պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով Երեւանի մերսման սրահներից մեկից բերման են ենթարկել 21-ամյա եւ 23-ամյա երկու կանանց:

Նրանցից վերցրած բացատրություններով պարզվել է, որ մերսման սրահի տնօրեն 25-ամյա Սահակ Դավթյանը նպաստել է սրահում պոռնկությամբ զբաղվելուն: