Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է Twitter-ը՝ իր կողմնակիցների օգտահաշիվներն արգելափակելու պատճառով: Մադուրոյի խոսքով՝ «ֆաշիզմ է» եւ քաղաքական հետապնդում:
«Twitter-ը Վենեսուելայում այսօր արգելափակել է հինգ հազար օգտահաշիվ: Եւ այդ ամենը օգտատերերի`չավիստներ լինելու պատճառով»,- BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մադուրոն:
Չավիստներ են համարվում երկրի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները, որին նախագահի պաշտոնում հաջորդել է Նիկոլաս Մադուրոն:
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայում հրապարակել Twitter-ի ղեկավարի լուսանկարները: «Թող մարդիկ իմանան, թե ով է պատասխանատու այդ մանիպուլյացիաների համար», - ասել է նա:





























