Դավիթ Հովհաննեսն իր «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» պոեմով քանդում, ջարդուփշուր է անում իրականության բոլոր պղտոր վտակները, ստորությունները, ազգային դավաճանությունները, որով էլ նրա ստեղծագործությունը դառնում է ազգային արժեք: Այս մասին, հունիսի 20-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում բանաստեղծ, թարգմանիչ Դավիթ Հովհաննեսի «Փոքր Մհեր եւ Դավիթ Տարեգիր» գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է Բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը:
NEWS.am-ի հետ զրույցում բանաստեղծի դուստրը՝ Զաբեթ Հովհաննիսյանը նշեց, որ Դավիթ Հովհաննեսը գիրքը գրել է ինքնաբուխ՝ ընդամենը 20 օրում եւ ավարտել մահից օրեր առաջ: «Ապիլյան պատերազմի պատճառով շատ ծանր օրեր ապրեց հայրս եւ գտավ, որ ժամանակն է Ագռավաքարից դուրս հանել Փոքր Մհերին, առաջին անգամ հանդգնեց նրան բերել մեր իրականություն, պտտեցնել Երեւան քաղաքով, տանել մինչեւ Արցախ: Ներքին ձայնս հուշում է, որ մեր պատմության անիվը փոխվելու է. հայ ժողովուրդը շատ է սպասել Մհերի դուրս գալուն»,-ասաց բանաստեղծի դուստրը:
Բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենը Դավիթ Հովհաննեսի այս պոեմը համարում է հաջողված: Շեշտելով պոեմի արդիականությունը՝ նա վստահեցրեց, որ այս գործը շատ բան կարող է տալ հատկապես հայ երիտասարդներին: Նրա խոսքով՝ այս պոեմը ցույց է տալիս մեր ներքին թուրքին եւ այն հաղթանակը, որ պետք է տանենք մեր մեջ ձեւավորված եւ մեզ ներսից ոչնչացնող թուրքի հանդեպ: «Սա ոչ թե պաթետիկ կոչ է, որ բոլորս գնանք, կռվենք, այլ կոչ է, որ հաղթենք մեր ներքին թուրքին եւ արժանի դառնանք Սասունցի Դավթին»,- հավելեց գրականագետը:
Իր հերթին, բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը Դավիթ Հովհաննեսին համարում է վերջին տասնամյակների հայ պոեզիայի ուժեղ ձայներից մեկը եւ կարծում, որ իր ստեղծագործությամբ Դավիթ Հովհաննեսը քանդում, ջարդուփշուր է անում իրականության բոլոր պղտոր վտակները, ստորությունները, ազգային դավաճանությունները ամուր, հատու գրչով, որով էլ նրա ստեղծագործությունը դառնում է ազգային արժեք:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին բանաստեղծի մտերիմներն ու հարազատները, գրչակից ընկերները, ինչպես նաեւ գրականագետներ, մշակութային գործիչներ:
Գիրքը հրատարակության է պատրաստել «Արեւիկ» հրատարակչությունը՝ բանաստեղծի դստեր՝ Զաբեթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:


Հեղինակ՝ Գրետա Գասպարյան





























