Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Երեւանի քաղաքապետարանը՝ Երեւանի մանուկներին» բարեգործական ծրագրի առաջին փուլում ընդգրկված է մանկական ուղեղային կաթված ունեցող եւ միայնակ մայրերի խնամքի տակ գտնվող 19 երեխա:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագրի շրջանակում «Երազի տուն» վերականգնողական եւ զարգացման կենտրոնում, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն անցնում են համալիր թերապեւտիկ կուրսեր՝ ֆիզիոթերապիա, կինեզիոթերապիա, ջրային թերապիա, արտ-թերապիա: Երեխաների հետ աշխատում են նաեւ լոգոպեդն ու հոգեբանը: Ի դեպ, այս տարի ծրագրով հոգեբանի խորհրդատվություն են ստանում նաեւ երեխաների ծնողները, բացի այդ մասնակցում տարբեր սեմինարների եւ դասընթացների:
«Երազի տուն» կատարած հերթական այցի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին եւ գրանցված արդյունքներին, ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է կենտրոնին ցուցաբերվող աջակցությունը:
Ծնողներն իրենց հերթին նշել են, որ կենտրոնն իրենց համար դարձել է երազանքների իրականացման վայր եւ ուրախությամբ փաստել համալիր թերապեւտիկ բուժման դրական ազդեցությունը երեխաների առողջական վիճակի վրա:





























