Հունիսի 22-23-ին Բրյուսելում կայանալիք հերթական գագաթնաժողովի գլխավոր թեմաներն են անվտանգությունն ու պաշտպանությունը, միգրացիոն ճգնաժամը եւ Brexit –ը։ Եվրամիության առաջնորդները մտադիր են մասնավորապես բարեփոխել ապաստան տրամադրելու եվրոպական համակարգը եւ պայմանավորվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծման մասին, փոխացնում է «Գերմանական ալիք»-ը։
Նախատեսվում է նաեւ, որ գագաթնաժողովում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշում կկայացվի։ Կքննարկվի նաեւ Հյուսիսեվրոպական գազատարի հզորությունների կրկնապատկումը։
Աշխատանքային ընթրիքի շրջանակում ԵՄ առաջնորդները կքննարկեն համաշխարհային քաղաքականության նաեւ այլ թեմաներ, մասնավորապես՝ Մինսկի պայմանագրերի իրականացումը։
Բրյուսելում ընդհանուր առմամբ բացասաբար են վերաբերում արդեն առկա «Հյուսիսային հոսք» գազատարի հզորության կրկնապատկմանը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է Եմ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մանդատը ստանալ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար, որպեսզի նախագծի իրականացման պարագայում պահպանվեն ԵՄ բոլոր իրավական նորմերը։
Nord Stream 2-ին Բեռլինն այլ կերպ է նայում՝ դա զուտ կոմերցիոն նախագիծ համարելով։





























