Եթե Կատարը ցանկանում է արաբական երկրների հետ հարաբերությունները վերականգնել, ապա պարտավոր է հրաժարվել Լիբիայի ու Սիրիայի ահաբեկիչներին աջակցելուց եւ դադարեցնի հանցագործներին թաքցնել: Այս մասին «Ալ Հայաթ» պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ պետական նախարար Անվար Գարգաշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դոհան նաեւ պետք է դադարի աջակցել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժմանը եւ «Մուսուլման եղբայրներին»: Գարգաշը նշել է, որ արաբական որոշ երկրներ, օրինակ` Բահրեյնը եւ Եգիպտոսը, տուժել են անվտանգությունը եւ իշխանությունը տապալելու փորձերից, որոնք հովանավորում է Կատարը:

Գարգաշն առանձին քննադատության է ենթարկել կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին, որը, նրա խոսքով, վերջին 10 տարիներին վերածվել է «Մուսուլման եղբայրների» «լրատուի». «Եթե Դոհան ցանկանում է իր սովորական շրջապատում մնալ, պետք է առաջնորդվի իր վարքի թափանցիկության կանոններով եւ դադարեցնի արմատականության ու ահաբեկչական խմբավորումների աջակցությունը»: