ԵՏՄ համաձայնագիրը խախտվում է ի վնաս ՀՀ քաղաքացիների: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԺ «Ելք» խմբակցության պտգամավոր Էդմոն Մարուքյանը, ով նաեւ այդ հարցով դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Նշված հաղորդագրության մեջ մասնավորապես իմ կողմից բարձրացվել են Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման եւ ԵՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր․
- ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
- չնայած ԵՏՄ շրջանակներում քաղաքացիների եւ աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
- ՌԴ-ից ՀՀ ապրանքների եւ ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
- ՌԴ-ում ԵՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է եւ ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաեւ ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը,
- ԵՄ-ից, ԱՄՆ-ից եւ Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։
Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։
Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու եւ ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ»:





























