«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի տեսակցությունների վրա դրված արգելքը Վերաքննիչ դատարանի որոշմամբ վերացվել է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 27-ին, Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարան, նշեց, որ այսօր ընտանիքով գնացել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Հովհաննեսին տեսակցելու, սակայն, թույլ չեն տվել մտնել ՔԿՀ:

«Սկզբից ասում էին՝ իբր չեն ստացել դատարանի որոշումը, բայց երբ փաստաբանը ներս մտավ, կարողացան միանգամից էդ որոշումը գտնել: Առավոտից գնացել էինք, այնքան ձգձգեցին, մինչեւ 4-ը եղավ, 10 րոպե էր մնացել, էլ չմտանք: Վաղը կփորձենք տեսակցել նրան»,-ասաց նա:

Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը գրեթե մեկ տարի է կալանքի տակ է, նրա տեսակցությունների վրա արգելանք էր դրված:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից շենք, շինություններ զավթելը), 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը) , 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (կյանքի համար վտանգավոր եղանակով խոշոր չափի զենք, ռազմամթերք հափշտակելը) եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով: