Ղազախստանում եւ ԵԱՀԿ-ում անկեղծորեն հուսով են, որ կազմակերպության առաջիկա գագաթաժողովը կարագացնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը, հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը, հաղորդում է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի նախօրեին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման ընթացիկ վիճակն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկատվության՝ Իգոր Պոպովն ու Ռոբերտ Բրադկեն տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին Ադրբեջան եւ Հայաստան կատարած այցերի արդյունքների մասին: