Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը՝ երկու երիտասարդ նկարիչներ, որոնք տարբեր ձեւով, բայց երկուսն էլ Երեւանին են սիրահարված, շրջել են Երեւանի փողոցներում ու այն նկարել այնպիսին, ինչպիսին տեսել են այդ պահին։ Աղմկոտ ու լուսավոր, մարդաշատ ու խաղաղ, գիշերային ու անհանգիստ՝ մի խոսքով կենդանի։ Yerevan Sketchbook անվանումը ստացած իրենց աշխատանքի արդյունքները նրանք ներկայացրել են հունիսի 29-ին Գաֆեսչյան արվեստի կենտրոնում։
Շնորհանդեսը բացեց «Զանգակ» հրատարակչատան տնօրեն Էմին Մկրտչյանը, ով անմիջական մասնակցություն է ունեցել երեւանյան ճեպանկարների պատրաստմանն ու տպագրմանը։ Նա նկատեց, որ Yerevan Sketchbook-ը թողարկվել է երկու լեզունեով՝ հայերեն ու անգլերեն։ Հետագայում ծրագրում են նաեւ ռուսերեն հրատարակել։
Ամսագիր գրքի խմբագիր Հայկ Համբարձումյանը նշեց, որ սկսելով նախագիծը, աշխատախումբը մտածում էր այն մասին, թե ում համար է այն արվում՝ զբոսաշրջիկների, թե տեղի բնակիչների։ Այնուհետեւ որոշվել է, որ Yerevan Sketchbook-ը կդառնա յուրատեսակ ուղեցույց Երեւանի հյուրերի համար, սակայն հասկանալի է, որ գիրքը նաեւ տեղի բնակիչներին կգրավի, քանի որ նրանք վաղուց ծանոթ Երեւանում կկարողանան տեսնել նոր մանրամասներ, որոնք աննկատ են մնում առօրյա կյանքում։
«Այս գրքում կարելի է գտնել ամեն ինչ՝ փողոցներ, առանձին շենքեր, մարդկանց, հայտնի ու ոչ հայտնի, պատշգամբներ, դռներ, հուշարձաններ, նույնիսկ կենդանիներ»,- նկատել է նա։
Գրքի աշխատանքները սկսվել են 2014-ին։ Ենթադրվում էր, որ գիրքը պատրաստ կլինի մեկ տարում, ասում է Արարատ Մինասյանը, բայց պարզվեց, որ մտահղացումն իրականացնելն այնքան էլ հեշտ չէր, որքան թվում էր։
«Երբ սկսեցինք աշխատել, պարզվեց, որ մենք իրականում քիչ բան գիտենք քաղաքի մասին: Չգիտեինք՝ որտեղից սկսել, ինչն է հետաքրքիր, ինչը՝ ոչ այնքան: Ստիպված էինք ինքնուրույն տեղեկատվություն փնտրել քաղաքի այս կամ այն հատվածի մասին, համեմատել, ճշտել, ընտրել, թե որ վայրերն են մեզ հարմար, որոնք՝ ոչ: Շատ բարդ էր դա անել: Բազմաթիվ ճեպանկարներ գրքում այդպես էլ տեղ չգտան»,- հավելեց նա:
Զաքար Դեմիրճյանը ուշադրություն հրավիրեց. «Yerevan Sketchbook»-ում կարելի է տեսնել բնապատկերներ, որոնք այլեւս չկան: «Մենք քնում եւ արթնանում ենք, իսկ քաղաքն արդեն ուրիշ է: Վայրը, որը բոլորովին վերջերս ես նկարել, արդեն չես ճանաչում: Այն կառուցապատել են, փոխել, ոչնչացրել: Այն անցյալում է մնացել: Այս տեսանկյունից գիրքը ոչ միայն գեղարվեստական, այլեւ փաստագրական է ստացվել»,- ասաց նա:
Յուրաքանչյուր ճեպանկար ուղեկցվում է տեքստով, որում, տեղեկատվությունից բացի, բացատրվում է, թե ինչու է ընտրվել հենց այդ սյուժեն: «Yerevan Sketchbook»-ը կարելի է ձեռք բերել Երեւանի գրախանութներում:
Նախագծի հեղինակները չեն բացառում, որ կարող են ընդլայնել այն, այսինքն՝ ծրագրում ներառել նաեւ այլ քաղաքներ եւ նույնիսկ գյուղեր:



































