Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին, Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում, եւ ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի Հանրապետության մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաեւ առաջարկել որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակներում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաեւ գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձեւաչափի վերաբերյալ։

Բրյուսել կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաեւ Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության ռազմական օղակների միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է փորձագետների հնչեցրած հարցերին, ինչպես նաեւ ծանոթացել նրանց կողմից իրականացված վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։