ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը եւ Անատոլի Սիվակը քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ առկա օդային հաղորդակցությունների հնարավոր ընդլայնումը՝ նախաձեռնելով երկու երկրների միջեւ գործող ավիացիոն ոլորտի միջազգային համաձայնագրի վերանայման գործընթացը:

ՔԱԳՎ պետը բելառուս գործընկերոջ հետ անդրադարձ են կատարել նաեւ Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը քննարկված եւ համաձայնության արժանացած համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների եւ փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզին», ինչպես նաեւ` մի շարք այլ հարցերի: 

Ավետիսյանը, խոսելով երկու երկրների օդային հաղորդակցության մասին, ողջունել է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայում Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով ուղիղ չվերթների վերսկսումը:

Հանդիպման ավարտին պարոն Սիվակը ՔԱԳՎ պետի եւ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի ուղեկցությամբ շրջայց է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում, ծանոթացել՝ օդանավակայանի ենթակառուցվածքներին եւ ծառայությունների աշխատանքներին:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 24-ից բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը վերսկսել է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երեւան-Մինսկ երթուղով: Թռիչքներն իրականացվում են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ չորեքշաբթի եւ կիրակի օրերին: