Ապրիլյան էսկալացիայի ժամանակ ժողովուրդն է հաղթել, իսկ գործող իշխանությունը՝ ի դեմս ՊՆ-ի ու մյուս կառույցների, պարտվել են։ Այս մասին NEWS. am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի նախկին ՄԻՊ, «Իրավական կամայականության դեմ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Իրավապաշտպանի խոսքով, Հայաստանում գործող իշխանությունները պարտվել են ոչ այնքան Ադրբեջանին, որքան իրենց հայտարարություններով։ «Մենք երկար տարիներ լսում ենք, որ եթե Ադրբեջանը փորձի որեւէ քայլեր ձեռնարկել, ապա կլինի ասիմետրիկ պատասխան։ Որ ոչ միայն մենք չենք կորցնի որեւէ բան, այլ հակառակը։Բայց մենք տեսնում ենք, որ նման բան տեղի չունեցավ։ Ես չեմ դատում նրանով, թե ով ու ինչ արեց։ Ես դատում եմ նրանով, թե ինչ էր հայտարարվում ու իրականում ինչ է տեղի ունեցել»,- պարզաբանեց Ալավերդյանը։
Պարտության երկրորդ պահը, նրա կարծիքով, այս կամ այն տարածքների գնահատումն է ՝ տոկոսային հարաբերությամբ։ «Մենք հասկանում ենք որ պատերազմը միայն զինված բախումը չէ։ Այլեւ քաղաքական, հոգեբանական ու տեղեկատվական պատերազմը»,- նկատեց նախկին օմբուդսմենը, հավելելով, որ դա Ադրբեջանին նոր շնչառություն ու վստահություն հաղորդեց այն հարցում, որ իրենք կարող են կրկնել ապիլյան էսկալացիան ու մշտապես զբաղեցնել նորանոր հողեր։ «Դա նշանակում է որ պարտությունը նաեւ հոգեբանական ու տեղեկատվական պատերազմի մակարդակի վրա էր։ Երրորդը՝ այն է, որ հասկանալի չէ, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ, ինչու դա չի կանխվել» ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։




























