Թերթին հասած տեղեկություններով, «Օրինաց երկիր» կուսակցությունը փորձում է իր շարքերը համալրել ոչ միայն բիզնեսմեն-փողատերերով, այլեւ քաղաքական դեմքերով: Եւ այդ նպատակով բանակցություններ է սկսել որոշ անձանց հետ: Մասնավորապես, այդ անձանց թվում է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որը, ըստ թերթի աղբյուրների, երկու անգամ գաղտնի հանդիպում է ունեցել ՕԵԿ ղեկավարության հետ: Վերջին անգամ հանդիպել են 4 օր առաջ՝ Երեւան-Աշտարակ մայրուղու «Շիրակ» ռեստորանում՝ գիշերը: Հանդիպմանը մասնակցել են Հեղինե Բիշարյանը եւ Արծրունի Աղաջանյանը:
Սաֆարյանին առաջարկել են անդամակցել ՕԵԿ-ին՝ խոստանալով 2012 թվականից հետո կամ խմբակցության քարտուղարի, կամ որեւէ նախարարական աթոռ: Համոզելու ժամանակ, որպես կանոն, օգտագործում են այն փաստարկը, որ 2012-ին «Ժառանգությունը» ԱԺ չի մտնելու, ուստի հիմա ամենահարմար ժամանակն է «Ժառանգության» խորտակվող նավը լքելու համար:





























