Չինաստանի արևելքում կենդանաբանական այգում տեղադրել են այն ավանակի հուշարձանը, որին չարագործները նետել էին վագրերի մոտ՝ հոշոտման, հայտնում է The South China Morning Post–ը

«Ավանակի հուշարձանը» տեղադրված է պատվանդանի վրա։ Գրությունը պարզաբանում է կենդանու ողբերգական ճակատագիրը։ Հունիսի 6-ին անհայտ տղամարդիկ ավանակին հրել ու նետել են փոսը՝ վագրերի մոտ։ Հետո նրանք փորձել են գիշատիչների մոտ գցել նաև մի այծի, սակայն կենդանաբանական այգու այցելուները ու պահակները կանխել են դա։

Միջադեպի պատճառը կենդանաբանական այգու սեփականատերերի միջև ծագած վիճաբանությունն էր։ Նրանցից մեկը կարգադրել էր ավանակին ու մի քանի այլ կենդանիների դուրս բերել այգուց ու վաճառել։ Երբ պահակները կանգնեցրել են հրամանը կատարողներին, նրանք որոշել են կենդանիներով վագրերին կերակրել։