ՀՀ Զինվորական դատախազությունը բավարարել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը որակելով «խիստ սուբյեկտիվ»:

Այս առնչությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՔԱՎ գրսենյակը զորակոչիկներին տրամադրվող իրավական աջակցության շրջանակում առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու եւս երկու նման դեպքով ՀՀ Զինվորական դատախազություն էր դիմել ամիսներ առաջ, եւ վերջինիս որոշմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել նաեւ զորակոչիկներ Տ. Մ.-ի եւ Ա. Բ.-ի գործերով:

Զորակոչիկ Ս. Լ.-ը, ունենալով առողջական խնդիրներ, 2016 թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել: Որոշման հետ համաձայն չլինելով՝ հրաժարվել է զինծառայության մեկնելուց, եւ զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ս. Լ.-ի ունեցած առողջական խնդիրների, դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի միջեւ հակասությունների առկայության, բժշկի կողմից տրված ախտորոշումների ոչ օբյեկտիվ լինելու եւ դրանց հետեւանքների վերաբերյալ առաջադրված հարցերը ամբողջությամբ չեն պարզաբանվել:

Հանձնաժողովը եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եւ բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջեւ էական կարեւորություն ունեցող հակասություններ, տարբերություններ չկան այն դեպքում, երբ զորակոչիկի ունեցած առողջական խնդիրների մի մասն ընդհանրապես չէր արձանագրվել ԿԲՀ եզրակացությամբ:

Հաշվի առնելով այն, որ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը կասկած է հարուցում եւ բավարար չափով հիմնավորված չէ, զորակոչիկը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոք է ներկայացրել ՀՀ Զինվորական դատախազություն: Դրանում հայտնել է, որ զինծառայության չմեկնելու պատճառը ունեցած առողջական խնդիրներն են, որոնց մասին տեղեկացրել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովին, ներկայացրել դրանք վկայող փաստաթղթեր, սակայն վերջինս պատշաճ ուշադրություն չի դարձրել դրան եւ հաշվի չառնելով գանգատները՝ ամբողջական հետազոտում չի իրականացրել:

Արդյունքում եզրակացության մեջ արձանագրել է առողջական խնդիրների մի մասը, ինչն էլ հիմք է հանդիսացել սահմանափակումով պիտանի ճանաչելու համար: Ընդ որում՝ եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի եւ բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջեւ էական կարեւորություն ունեցող հակասություններ չկան, այն դեպքում, երբ դրանցում առկա ախտորոշումների ուղղությամբ որեւէ հետազոտություն չի իրականացրել եւ եզրակացության մեջ չի ներառել:

Վարույթն իրականացնող մարմինն էլ քննելով զորակոչիկի՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու 2017 թ. ապրիլի 13-ի միջնորդությունը՝ մերժել է այն եւ հիմնավոր համարել փորձագետի եզրակացությունը՝ չունենալով եզրակացության հիմնավորվածությունն ապացուցող որեւէ փաստ, այն է՝ առնվազն համապատասխան մասնագիտական գրականության ցանկ, որի վրա հիմնվել է փորձագետն իր եզրակացությունները կատարելիս:

Բավարարվել է միայն ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանին հարցաքննելով, որն էլ իր ցուցմունքում չի ժխտել Ս. Լ.-ի ունեցած հիվանդությունների եւ փորձաքննության արդյունքների միջեւ առկա տարբերությունները, բայց եւ դրանք էական չի համարել եւ լրացուցիչ հետազոտությունների կարիք էլ չի տեսել:

Սրա հիման վրա վարույթն իրականացնող մարմինը փորձագիտական եզրակացությունը հիմնավոր է համարել եւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը 2017 թ. ապրիլի 18-ի որոշմամբ մերժել է:

ՀՀ Զինվորական դատախազության Լոռու կայազորի դատախազ Ս. Առաքելյանը որոշման դեմ զորակոչիկի բողոքը քննել եւ 2017 թ. հունիսի 1-ի որոշմամբ բավարարել է այն: Դատախազը փորձագետի եզրակացությունը գնահատել է «խիստ սուբյեկտիվ»՝ նշելով, որ միայն անձի խոսքերի հիման վրա եզրակացություն կատարելը իմաստազրկում է դատաբժշկական փորձաքննության դերը:

Դատախազ Ս. Առաքելյանը հանձնարարել է վերացնել քննիչի որոշումը եւ նշանակել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական եւ ռազմաբժշկական համալիր փորձաքննություն: