Չինաստանում Շանսի նահանգում կառուցվել է աշխարհի առաջին արեւային էլեկտրակայանը՝ հսկայական պանդայի տեսքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախագծով զբաղվում է Panda Green Energy ընկերությունը։ Արեւային էլեկտևակայան ստեղծողները առայժմ գործարկել են ընդամենը առաջին փուլը, հիմա էլեկտրակայանի հզորությունը կազմում է 50 մեգավատ, երբ այն ամբողջությամբ գործարկվի՝ հզորությունը կհասնի 100 մեգավատի։
Panda Green Energy-ն 2016-ին է առաջարկել պանդայի տեսքով էլեկտրակայան կառուցել, իսկ հետո համագործակցության մասին պայմանագիր է կնքել ՄԱԿ զարգացման ծրագրի հետ։ Շինարարությունը սկսվել է անցած տարվա նոյեմբերին։
Էլեկտրակայանը կազմված է սեւ- սպիտակ տարրերից, պանդայի սեւ գույնի մասերը՝ օրինակ թաթերն ու ականջները կազմված են մոնոբյուրեղյա սիլիկոնային արեւային բջիջներից, իսկ սպիտակ մասերը՝ բարակ թաղանթային արեւային բջիջներից։




























