Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում խանություն է ձեւավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Բակո Սահակյանի նախագահի պաշտոնում շարունակելու ցանկությանը:
«Այդ բարքերը «խանստվա» են, ձեւավորվել են թե Ղարաբաղում, թե Հայաստանում, մեր խնդիրը դա ա, որ լեգիտիմ չեն իշխանությունները ու շարունակաբար գնում են, իսկ մեր արտաքին թշնամին ժամ-ժամ հզորանում է: Երկու հանրապետություններում պետք է ժողովրդավարությունը դերակատարում ունենա, մեր ամենամեծ դերակատարությունը պետք է լինի ժողովրդավարությունը, որ կարողանանք ապացուցենք աշխարհին, որ ուժեղ երկիր ենք ու դիմակայենք»,-ասել է պատգամավորը:
Սասուն Միքայելյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանն է ցանկանում Բակո Սահակյանին տեսնել Արցախի նախագահի պաշտոնում. «Դա ոչ թե Բակո Սահակյանի ցանկությունն է, այլ Սերժ Սարգսյանի: Թե Ղարաբաղում, թե Հայաստանում մի համակարգ է ձեւավորել՝ խանստվա, որ խաներ ունենք, էդ խաներին պիտի ենթարկվեն ու վերջ»:
Հիշեցնենք, որ 2017-ի փետրվարին անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Արցախում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրության համաձայն՝ մինչեւ 2020 թվականը Արցախում պետք է կառավարի անցումային փուլի նախագահը, որին այս ամիս պետք է ընտրի խորհրդարանը: Արցախի Ազգային ժողովի 5 ուժերից 3-ը՝ իշխանության մաս կազմող «Ազատ Հայրենիքը» Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» արդեն իսկ հայտարարել են, որ նախագահի պաշտոնում ցանկանում են առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը:





























