ՀՀ ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու նոր համակարգ է պատրաստվում ներդնել: Այս մասին նշվել է հուլիսի 6-ին Հանրային խորհրդի նիստում, որտեղ քննարկվել են ճանապարհային ոստիկանության խնդիրները:
ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԽ անդամները ՃՈ պաշտոնյաների առջեւ բարձրացրել են մասնավորապես, ռուսական համարանիշներով մեքենաների վարորդների՝ երթեւեկության կանոնների բացահայտ խախտման եւ արտոնյալ վիճակում գտնվելու խնդիրը, ինչը ոչ միայն վտանգավոր է երթեւեկության համար, այլեւ անպատժելիության եւ խտրականության մթնոլորտ է ստեղծում հանրության շրջանում:
Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհահնիսյանը հայտնել է, որ այդ խնդիրը նաեւ ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում է:
Նա նշել է, որ այս պահին, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայի իրավախախտում կատարած վարորդին, վերցնում է վարորդական իրավունքի վկայականը, արձանագրում խախտումը, եւ վարորդն իր վկայականը կարող է ստանալ միայն այն ժամանակ, երբ ՃՈ ներկայացնի վարչական իրավախախտման տուգանքի վճարման անդորագիրը:
Սակայն ոստիկանությունը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ պայքարելու մեկ այլ համակարգ է պատրաստվում ներդնել. ՀՀ մտած արտասահմանյան տրանսպորտային միջոցները կֆիքսվեն, եւ եթե դրանց վարորդները որեւէ խախտում արձանագրած կլինեն ու պետության նկատմամբ կունենան պարտավորություն, ապա տուգանքը կվճարեն սահմանին, միաժամանակ կզգուշացվեն, որ հաջորդ անգամ իրենց մուտքը ՀՀ արգելվելու է:
Նշենք, որ ԵՏՄ երկրներում ցանկացած տրանսպորտային միջոց 2 տարի կարող է առանց վերաձեւակերպման օգտագործվել, իսկ տեսանկարահանող սարքերը արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների խախտումները չեն արձանագրում, քանի որ հնարավոր չէ իրավախախտ վարորդի հասցեով ծանուցում ուղարկել:





























