Հայաստանում գերատեսչություններից մեկին 25 հազար էջ թարգմանելու համար 217 մլն դրամ են հատկացրել։ Այս մասին հուլիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ 2016 թվականին Վերահսկիչ պալատի գործունեության հաշվետվության քննարկումներում։
Հարցն ուղղելով Վերահսկիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանին՝ Տոնոյանը նշեց. «Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ նշված թարգմանչական ծառայությունները ցուցաբերվել են մեկ էջը 8500 դրամով: Ինձ թվում է՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ թարգմանչական ծառայությունների արժեքը տատանվում է 2000-ից 5000 դրամի միջեւ։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ թարգմանությունները հնարավոր է, փետուրով գրիչներով են արվել, այդ պատճառով այդքան թանկ արժեն։ Բայց ձեզ ցանկանում եմ հետեւյալ հարցը տալ՝ արդյո՞ք ձեր հաշվետվությունը կազմված է խորը ուսումանսիրությունների հիման վրա եւ արդյո՞ք հետագա հաշվետվություններում բացառում եք նման բացթողումները»։
«Տվյալ պահի դրությամբ՝ մենք գնահատում ենք հաշվետվության հավաստիությունը։ Սահամանդրությունը Վերահսկիչ պալատի առջեւ ավելի լուրջ խնդիրներ է դրել։ Ինչ վերաբերում է ձեր նշած կոնկրետ փաստին, մենք դա արձանագրեցինք եւ տարվա ընթացքում հնարավոր է վերահսկիչ միջոցառումներ անցկացնենք։ Ես կարծում եմ, որ այս ամբիոնից պետք է ավելի լուրջ խնդիրներ բարձրաձայնվեն։ Ես բնավորությամբ լավատես եմ եւ հույս ունեմ՝ 2017 թվականի հաշվետվությունը համահունչ կլինի ձեր պահանջներին։ Ամեն դեպքում, մենք կձգտենք դրան»,- պատասխանեց Լեւոն Յոլյանը։





























