Կապարի մեծ պարունակություն է հայտնաբերվել վրացական համեմունքների մի քանի տեսակներում` ստուգումների արդյունքում, որոնք անցկացրել է Վրաստանի պարենամթերքի ազգային գործակալությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:

Լաբորատոր հետազոտությունների համար նմուշները վերցվել են իրացման ինչպես փոքր, այնպես էլ մեծ օբյեկտներից, այդ թվում` երկրի տարբեր գյուղատնտեսական շուկաներից:

Պարզվել է, որ կապարի վտանգավոր չափաքանակներ են եղել կարմիր պղպեղում, չոր աջիկայում, ինչպես նաեւ չոր համեմունքների եւս մեկ տեսակում, որի անունը գործակալությունը չի հստակեցրել:

«Ընթացիկ տարում գործակալության մասնագետները կապարի պարունակությունը ստուգելու համար 75 անուն տարբեր համեմունքների նմուշներ են վերցրել եւ լաբորատորիաներ ուղարկել հետազոտելու: Վերցված նմուշներից արդեն 25-ը ստուգվել է, որոնց մեջ խախտումներ են հայտնաբերվել`նորմայով սահմանված կապարի պարունակության գերազանցում է հայտնաբերվել 4 նմուշում: Գործող օրենսդրության համաձայն` մեկ կգ համեմունքի մեջ կապարի պարունակությունը 5 մգ-ը չպետք է գերազանցի»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Մասնագետները հայտնաբերել են հետեւյալ խախտումները` «կարմիր պղպեղի նմուշ - կիլոգրամի մեջ 7,06 մգ կապար, «չոր աջիկա» - 6,38 մգ/կգ, «չոր աջիկայի» եւս մեկ նմուշ` 5,96 մգ/կգ:

Հաղորդագրության եջ նշված է, որ հայտնաբերված խախտումների կապակցությամբ գործակալությունը կձեռնարկի օրենքով սահմանված միջոցառումներ, որոնք նախատեսում են ապրանքի առգրավում:

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2015 թվականին Նյու Յորքի Առողջապահության դեպարտամենտը նահանգի բնակիչներին զգուշացրել է  Վրաստանից ներկրված համեմունքների մեծ մասում կապարի բարձր պարունակության մասին: Համացանցային On.ge պարբերականում հրապարակվել էր նախազգուշացման տպագիր օրինակը, որում մասնավորապես նշված էր, որ առողջական խնդիրներ կարող է առաջացնել սնունդի մեջ դեղին զաֆրանի, սվանեթյան աղի, խմելի-սունելիի, աղացած կարմիր պղպեղի, կոճապղպեղի, գինձի, չամանի, չոր աջիկայի եւ սածիվիի համեմունքների հավելումը:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ կապարը կարող է առաջացնել ճնշման բարձրացում, երիկամների, նյարդային եւ վերարտադրողական համակարգերի հիվանդություններ, ռիսկի խբում են գտնվում հղի կանայք եւ երեխաները: Նրանց, ովքեր սնունդի մեջ օգտագործել են Վրաստանում պատրաստված համեմունքներ, խորհուրդ է տրվում բժիշկի դիմել` արյան մեջ ծանր մետաղների պարունակությունը ստուգելու համար:

Պարենամթերքի ազգային գործակալությունից այդ ժամանակ հայտարարել էին, որ «այս տեղեկությունը ոչ մի ընդհանուր բան չունի ներկայիս իրողությունների հետ» եւ լրատվամիջոցներին կոչ էին արել «ձեռնպահ մնալ ոչ հավաստի տեղեկոթյունների տարածումից»: