«Մեծ քսանյակի» հակառակորդների խաղաղ ցույց է ընթանում շաբաթ օրը Համբուրգի կենտրոնում, իրադարձությունների վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դայխտորպլատցում ցույցն ընթանում է «G20, ոչ բարի գալուստ» (G20 — not welcome!) կարգախոսով:
«Դայխտորպլատցում ներկայումս 12 հազար մարդ է հավաքվել»,- Twitter-ում հայտնել է Համբուրգի ոստիկանությունը:
Բողոքողները պաստառներ են տանում «G20-ի փոխարեն անսահման համերաշխություն», «ԱՄՆ առաջնորդություն` հերոսից մինչեւ զրո», «Ո´չ G20-ին», «Փախստականներ, բարի գալուստ», «Պայքար ընդդեմ ռասիզմի» գրառումներով: Ցուցարարների ընդհանուր տրամադրվածությունը դրական է:
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովն ընթանում է հուլիսի 7-8-ը Համբուրգում: Մեկ շաբաթ շարունակ քաղաքում ցույցեր եւ բողոքի ակցիաներ են ընթանում, որոնք հաճախ անկարգությունների եւ ոստիկաննների հետ ցուցարարների բախումների են վերափոխվում: Վերջին տեղեկություններով` բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 200 իրավապահ:





























