Բուլղարական պարբերականի հրապարակումը մեծ բացահայտում է, թե որքան անպատասխանատու է Ադրբեջանը, եւ ինչպես է այդ երկրի կառավարության քաղաքականությունը խանգարում տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա, միաժամանակ, կոչ արեց զգոն լինել: «Մենք պետք չէ կուրորեն հավատանք ամեն ինչի: Սակայն սա հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի մակարդակը, ինչը հիմնավոր խոչընդոտ է պաշտպանական բարեփոխումների ճանապարհին»,- նշել է Ռիչարդ Կիրակոսյանը:

Եթե այդ բոլոր մեղադրանքները հաստատվեն, ըստ քաղաքագետի, պետք չէ միջազգային հանրությունից լուրջ արձագանք սպասել, քանի որ այստեղ նոր ոչինչ չկա՝ հաշվի առնելով խավիարային դիվանագիտությունը, Եվրախորհրդի հետ Ադրբեջանի կոռուպցիոն կապերը: «Սա ընդամենը վերջին, բայց ոչ առաջին օրինակն է»,- հավելեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ բուլղարական «Աշխատանք» պարբերականը գրել էր, որ ադրբեջանական Silk Way բեռնատար ավիաընկերությունը եւ Ադրբեջանի ՌՕՈւ-ն դիվանագիտական ավիաչվերթների անվան ներքո զենք են փոխադրել: Հետաքննության հեղինակ Դիլյանա Գայտանջիեւան «Գրադ» հրթիռների լուսանկարներ է հրապարակել, որոնք փոխադրել է Silk Way-ը: Դրանք գտել են ազատագրված Հալեպում «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պահեստում:

Բուլղարական աղբյուրի համաձայն՝ Ադրբեջանը զենք է մատակարարել նաեւ Սիրիայում, Իրաքում եւ Եմենում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: