Հայաստանը ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ իրեն պահել է շատ սուբյեկտիվ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 10-ին, ԱԺ-ում 2016թ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման վերաբերյալ քննարկմանը հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա իր ելույթում հիշեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավից մի դրվագ, երբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ժամանակ օրենք է խախտում՝ տարբեր նյութական խոստումներ տալով ընտրողներին:
Գեւորգ Պետրոսյանը, մասնավորապես, նշեց. «Երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում մի հուսաբեկ ու հավատաջարդ գյուղացու հետագայում մի աջակցություն ցուցաբերելու խոստում տվեց, անմիջապես ԿԸՀ-ն, խախտելով ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածը, համաձայն որի անձի համար միջամտող վարչական ակտ ընդունելու դեպքում՝ անպայման անձն իրավունք ունի անպայման լսված լինելու իրավունք, այդ նորմը խախտելով, դաշինքին նկատողություն հայտարարեց: Մենք ուրախ կլինեինք, եթե այդ նկատողությունից բաժին հասներ նաեւ ավելի մեծ աղաղակող խախտումներ թույլ տվող թեկնածուներին: Մենք որեւէ անձի դեմ ոչինչ չունենք, մեր թիրախը ոչ թե անձինք են, այլ երեւույթը, այլ ապօրինությունը»:
«Ծառուկյան խմբակցության պատգամավորի խոսքով, ԿԸՀ-ն շատ մեծ առաքելություն ունի երկրում ժողովրդավարության, իրավական կարգեր հաստատելու գործում. «Եվ որքան մեծ է առաքելությունը, նույնքան մեծ պետք է լինի պատասխանատվությունը այդ գործընթացների նկատմամբ հանրության վստահության կորստի գործում»:




























