Հայաստանում կարող է էլեկտրոնային տոմսերի իրացման միասնական համակարգ սահմանվել։ Այս մասին հուլիսի 10-ին լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր պետական թատերական հաստատություններում էլեկտրոնային տոմսերի իրացման էլեկտրոնային համակարգ կսահմանվի։
«Դա մի շարք հարցեր կլուծի։ Առաջինը, կնվազեցնի կոմերցիոն ռիսկերը։ Մեր գնահատականներով՝ տվյալ ոլորտում ստվերային գործունեության զգալի ռսիկեր գոյություն ունեն։ Եվ երկրորդ, այցելուների համար դա լուրջ տեղեկատվական հոսք կապահովի»,-հստակեցրեց փոխնախարարը։
Պողոսյանը նշեց, որ համակարգը նաեւ հեռախոսների համար նախատեսված հավելված կունենա։ «Յուրաքանչյուր մարդ կկարողանա բջջային հեռախոսով օպերայի տոմս ձեռք բերել եւ որոշի՝ որտեղ պետք է նստի՝ վստահ լինելով, որ տոմսը չի կորի»,- ասաց մշակույթի փոխնախարարը՝ հավելելով, որ համակարգը նաեւ այցելուներին տեղեկատվությամբ պարբերաբար ապահովելու հնարավորություն կընձեռի։





























