Արցախում առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում միայն գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածության առաջադրումը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը բնութագրում է որպես Արցախում հաստատված ժողովրդավարության վառ արտահայտություն։ NEWS.am–ի հետ զրույցում Բակո Սահակյանի մասին գովեստի խոսքեր շռայլելուց հետո ՀՀԿ խմբակցության քարտուղարը նրա առաջադրումը գնահատեց Արցախի ժողովրդավարության հարցում մեկ քայլ առաջ։
«Կցանկանամ, որ մենք նույնպես հասնենք ժողովրդավարության այն բարձր մակարդակին, ինչը տիրում է Արցախում։ Թե ինչու են առաջադրել մեկ թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Դա կբնորոշեմ մի քանի ցուցանիշներով՝ բարոյականության բարձր հատկանիշներ՝ նվիրվածություն պետությանը եւ պետության անվտանգության համար կատարվող գործողությանը։ Ես համոզված եմ, որ այս քայլով Արցախը մեկ քայլ առաջ է անում ժողովրդավարության ճանապարհին եւ իր անվտանգության ու տնտեսության զարգացման ճանապարհին։ Այս միասնականությունը նույնպես ժողովրդավարության արտահայտության նշան է։ Չնայած մեր որոշ քաղաքական գործիչներ ցանկանում են՝ ցույց տալ, որ դա ժողովրդավարությունից մեկ քայլ նահանջ է, ես հակառակը կասեի»։
Հարցին, եթե Հայաստանում միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանեին, դա՞ էլ կհամարեր ժողովրդավարության առաջընթացի ցուցանիշ ՝ ինչպես Արցախում, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Խնդիրը միայն թեկնածուն չէ, գործողություններն են, որ բոլորի նպատակը մեկն է, երբ որ ժողովուրդը իր քաղաքական ուժերի հետ միասնական է եւ պայքարում է միասնական թեկնածուի համար»։
Նշենք, որ 2017-ի փետրվարին անցկացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Արցախում հաստատվեց կառավարման լիարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրության համաձայն՝ մինչեւ 2020 թվականը Արցախում պետք է կառավարի անցումային փուլի նախագահը, որին այս ամիս պետք է ընտրի խորհրդարանը: Արցախի Ազգային ժողովի 5 ուժերից 3-ը՝ իշխանության մաս կազմող «Ազատ Հայրենիքը» Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» արդեն իսկ հայտարարել են, որ նախագահի պաշտոնում ցանկանում են առաջադրել Բակո Սահակյանի թեկնածությունը: Այսինքն՝ սպասվում է, որ Բակո Սահակյանը կստանա խորհրդարանի ճնշող մեծամասնության աջակցությունը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար է 21 ձայնը։





























