Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն տարրը պետք է դառնա այս երեւույթի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը: Հուլիսի 11-ին կայացած արդարադատության ոլորտում բարեփոխումներին նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Մթնոլորտի ստեղծմանը զուգահեռ` կվարվի հակակոռուպցիոն խիստ քաղաքականություն, ստեղծվել է հակակոռուպցիոն մարմին, արդեն սկսվել են փաստաթղթի ստեղծման աշխատանքները, որը կշարունակի 2018-ին ավարտվող կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը: Այս գործընթացում կարեւորը պատժի անխուսափելիությունն է, նշեց փոխնախարարը:

Գործնական մասում ակտիվ քայլեր կձեռնարկվեն պետական մարմինների եւ քաղաքացիների շփումները բացառելու կամ նվազագույնի հասցնելու համար, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Այսպիսի շփումները կփոխարինվեն դիմումների, տեղեկանքներ ստանալու, հարցումների էլեկտրոնային եղանակներով: