Քանի որ պատերազմը չի ավարտվել,  անհրաժեշտ է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներին: Այս մասին հուլիսի 11-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» տնօրեն Թեւան Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով` ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում իր վարքը փոխել եւ օգտագործում է հնարավոր բոլոր մեթոդները:

«Ադրբեջանն այդ մեթոդներն օգտագործել է ոչ միայն ներկայիս իրավիճակում, այլ նաեւ նախկինում` բոլոր հնարավոր մեխանիզմների օգտագործման երկարաժամկետ ծրագրեր ունենալով Հայաստանին եւ Ղարաբաղին հեռահար հարվածներ հասցնելու համար»,- նշեց նախկին պատգամավորը:

Փորձագետի կարծիքով` Ադրբեջանի քաղաքականության էությունը հանգում է իր ռազմական հզորության աճին` այս կարիքների համար ֆինանսական միջոցների կուտակման եւ տրամադրման ճանապարհով, որոնք վերջնարդյունքում պետք է հանգեցնեն հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձին: Դրա հետ մեկտեղ, Պողոսյանի կարծիքով, Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար այնպիսի անբարենպաստ պայմաններ ստեղծել, որոնք կնպաստեն երկրից բնակչության հեռանալուն:

Նա նաեւ նշեց, որ Հայաստանն իր հերթին պետք է պաշտպանի իր ազգային շահերը: