«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստի մեկնարկին այսօր՝ հուլիսի 12-ին, ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը չի վատացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը դատարանում շուրջօրյա բժշկական հերթապահություն սահմանելու նպատակով է կանչել  շտապօգնության մեքենա եւ նրանց ասել, որ հերթապահություն սահմանեն դատարանի շենքում: Պաշտպանի խոսքով` պարզ չէ, շտապօգնության բժիշկները գնացել են, թե դատարանի շենքում են դեռ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել էր, որ ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար շտապօգնություն են կանչել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների:

Հարձակման ընթացքում խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Իսկ արդեն հուլիսի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սմբատ Բարսեղյանն օպտիկական նշանառության սարքով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազենից արձակված կրակոցով կյանքից զրկել է ոստիկանության զորքերի զորամասի զինծառայող, ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանին: