Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունները հետեւողական կլինեն միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի ահաբեկչական գործունեությունը բացահայտելու հարցում։ Այս մասին հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Պատասխանելով բուլղարական «Աշխատանք» պարբերականի բացահայտումների վերաբերյալ հարցին՝ Շարմազանովն ասաց. «Հայաստանը միջազգային հանրությանը խնդիրը ներկայացնելու համար պետք է էական քայլեր ձեռնարկի։ Ես, որպես փոխխոսնակ, վստահեցնում եմ, որ Հայաստանի պատվիրակություններն այդ հարցին կարեւոր նշանակություն կտան։ Ըստ էության, Ադրբեջանն ահաբեկչական պետություն է»,- ընդգծեց փոխխոսնակը։
Նա նաեւ նշեց, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած զինվորների գլխատմանը, խաղաղ բնակիչների սպանությանը եւ այլ բարբարոսություններին՝ Բաքուն չկարողացավ նպատակին հասնել։ «Այժմ Ադրբեջանի իշխանությունները փորձում են թաքնվել խաղաղ բնակչության թիկունքում, իսկ էժանագին հնարքներն ու երեխայի մահն օգտագործող խաղերը բումերանգի ազդեցություն կունենան։ Միջազգային կազմակերպությունները ծուղակը չընկան»,- նշեց փոխխոսնակը։
Ի դեպ, բուլղարական պարբերականի հաղորդմամբ՝ Ադրբեջանն «Իսլամական պետությանը» զենք է մատակարարում եւ սպիտակ ֆոսֆոր գնում՝ փորձելով Հայաստանին մեղադրել արգելված նյութ կիրառելու մեջ։





























