Սկզբում Ադրբեջանը եւս կողմ էր սահմանին վերահսկման մեխանիզմների ներդրմանը՝ մեղավորներին պատժելու եւ հրադադարի ռեժիմի հետագա խախտումները կանխելու համար, ինչը կարող էր նպաստել շփման գծում լարվածության նվազեցմանը։ Այս մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն ավելի ուշ հրաժարվեց տվյալ նախաձեռնությանն աջակցելուց՝ ելնելով քաղաքական նկատառումներից։
«Ադրբեջանական կողմը սկսեց տարբեր կերպ մեկնաբանել տվյալ նախաձեռնությունն ու ի վերջո ամեն ինչ ձախողվեց։ Ադրբեջանը համաձայնեց շփման գծում մոնիթորինգային համակարգեր տեղադրելուն, բայց նրանք, իբր թե նկատի ունեին միջազգային հանրության կողմից ճանաչված սահմանը։ Իսկ դա նշանակում է հայ-ադրբեջանական, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հետ սահմանը»,-հստակեցրեց փորձագետը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանն Արցախը որպես անկախ պետություն չի ճանաչում եւ այն համարում է իր տարածքի անքակտելի մասը։
Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի տեսանկյունից կարիք չկա տվյալ համակարգերը տեղադրել ԼՂՀ-ի հետ սահմանին։
Քեռյանն ընդգծեց, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ադրբեջնական կողմը մի բան նկատի ուներ, իսկ հանդիպումներից հետո բոլորովին այլ բան՝ դրանով հանդերձ ի չիք դարձնելով միջնորդների ջանքերը։





























