Մոսկվայում, հուլիսի 13-ին, Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստում ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը ներկայացրել է ԵՏՄ երկրների տարածքում ազգային եւ միջազգային վարորդական թույլտվությունների հարցը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը 2017 թ. հուլիսի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ԵՏՄ անդամ պետությունների միջեւ տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ձեւավորման արդիական հարցեր:
Խորհրդի նիստի ընթացքում ԵՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը ներկայացրել է մի շարք հարցեր, որոնք ճանաչվել են որպես սահմանափակումներ՝ այդ թվում ԵՏՄ անդամ պետությունների տարածքում ազգային եւ միջազգային վարորդական թույլտվությունների, էլեկտրոնային թվային ստորագրության փոխադարձ ճանաչման բացակայության, ինչպես նաեւ ԵՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման սահմանային կետերի վերաբերյալ հարցեր:
Քննարկման արդյունքում Խորհուրդը հանձնարարել է ԵՏՀ Կոլեգիային վերոնշյալ սահմանափակումները ներառել պաշտոնական սահմանափակումների ցուցակում:
Դրա արդյունքում ԵՏՀ Կոլեգիան պետք է մշակի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի միջկառավարական խորհրդին:




























