ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զինծառայողների իրավունքների վերաբերյալ բողոքների ուսումնասիրության հիման վրա մշակվել եւ շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերը, մասնավորապես, վերաբերում են զինվորական ծառայության ոլորտում զինծառայողների իրավունքների երաշխավորմանը:

Փաթեթում տեղ են գտել հետեւյալ հիմնական առաջարկները.

• նախկինում հանցագործություն կատարած լինելու փաստը, որպես  զինծառայողի կարգապահական պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք, բացառել,

• հստակ ամրագրել կարգապահական տույժի մասին հրամանը զինծառայողին տրամադրելու կամ հայտարարելու պարտադիր պահանջ: Սահմանել այն որոշումների տեսակները, որոնք կարող են ընդունվել վերադաս հրամանատարի կողմից՝ կարգապահական տույժ տալու մասին որոշումը զինծառայողի կողմից բողոքարկելու արդյունքում,

• բացառել զինծառայողի նկատմամբ «օրվա արտահերթ վերակարգի» կիրառումը՝ որպես կարգապահական տույժ,

• օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրել, որ ծառայողական քննությանը մասնակցելու պահից զինծառայողն իրավունք ունի գրավոր ծանոթանալու իր իրավունքներին եւ պարտականություններին,

• հստակեցնել զինծառայողների նկատմամբ ծառայողական քննությունը դադարեցնելու, կասեցնելու, քննությունը վերսկսելու հիմքերը եւ ընթացակարգը,

• բացառել վարժական հավաքներից խուսափելու համար միաժամանակ եւ՛ քրեական, եւ՛ վարչական պատասխանատվության ենթարկելը,

• հստակ սահմանել զինապարտների եւ զինծառայողների առողջական վիճակի բժշկական ու ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների որոշումներին (եզրակացություններին) վերաբերող  պահանջները եւ դրանցում պարտադիր ներառվող տեղեկությունների շրջանակը,

• օրենսդրությամբ ամրագրել այն դեպքերը, երբ պարտադիր զինվորական ծառայության անցնող նորակոչիկը, իր ցանկությամբ, կարող է զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս:

Վերոնշյալ նախագծերը ներկայացվել են համապատասխան պետական մարմիններ եւ իրավապաշտպան կազմակերպություններ՝ կարծիքի: