ՌԴ արտաքին քաղաքականության ուղենիշերից մեկը եղել է եւ շարունակում է մնալ ռուսերենին, մասնավորապես, ԱՊՀ տարածքում պաշտոնական կարգավիճակ տալու հարցը: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագողների հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով, օտարալեզու դպրոցների վերաբացման ժամանակվանից ի վեր ռուս պաշտոնյաների կողմից բազմիցս բարձրաձայնվել է ՀՀ-ում ռուսերենին պաշտոնական կագավիճակ տալու հարցը:

«Ես գիտեմ, որ 2007 թ-ին ամենաբարձր մակարդակով նման հարցադրում եղել է Հայաստանի իշխանություններին: Հայ պաշտոնյաներից մեկը մեզ պատմել է, որ օտարալեզու դպրոցների շարժման ժամանակ՝ փակ հանդիպման շրջանակում, Հայաստանի իշխանությունները կտրուկ հակադարձել են ռուս պաշտոնյաների նման առաջարկին: Նման հարցադրում եղավ նա 2010 թվականին, երբ օտարալեզու դպրոցների վերաբացման հարցն էր քննարկում: Որոշ ռուս պաշտոնյաներ, օգտվելով սրանից, նորից բարձրացրին լեզվի հարցը: Հիմա նորից նույն պրոբլեմն է», - ասաց նա:

Ըստ Հարությունյանի՝ ռուս պաշտոնյաների այս հայտարարություններն ավելի շատ ուղղված են ոչ թե քաղաքական գործիչներին, այլ տվյալ հասարակությանը՝ տեսնելու, թե ինչպես է վերջինս արձագանքում այդ հարցին:

«Ես շատ ուրախ եմ, որ հասարակության կողմից հակադարձությունը եղավ շատ հստակ, սա ցույց է տալիս, որ այս հարցում, մասնավորապես՝  զիջումները, անթույլատրելի են: Շատ կտրուկ է լինելու մեր արձագանքը սրան, ու այստեղ որեւէ զիջում չի կարող լինել»,-հայտարարեց ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի խոսքով, լեզուն կարեւոր գործիք է տվյալ պետության, այս դեպքում՝ գերտերության քաղաքականությունը տեղ հասցնելու համար, որովհետեւ երբ այդ ինֆորմացիան միջնորդավորված է հասնում այլ պետություններին, հասարակություններին կամ որոշակի խմբերին, դա ավելի դժվար է լինում, քան եթե այդ ֆիլտրը հանված է եւ անմիջապես այդ խողովակի միջոցով է ինֆորմացիան հասնում: