Թաիլանդում դատարանը մեղադրանք է ներկայացրել նախկին բուդդայական վանականի, որին արտահանձնել են ԱՄՆ-ից: 37-ամյա Վիրաֆոն Սուկֆոնին մեղադրում են բռնաբարության, խարդախության եւ փողերի լվացման մեջ: Միայն բռնաբարության մեղադրանքով նրան 20 տարվա բանտարկություն է սպառնում, գրում է Asian Correspondent-ը:

Վանականը Թաիլանդից փախել է 2013 թվականին եւ հաստատվել Քալիֆորնիայի բուդդայական ուսումնական կենտրոնում: Չնայած կուսակրոնության երդմանը՝ վանականը շքեղ կյանք է վարել ու չի հրաժարվել մարմնական վայելքներից:

Պարզվել է, որ Վիրաֆոնը 33 մլն դոլարի ակտիվներ ունի: 2009-2011 թվականներին նա 3.1 մլն դոլարի Mercedes մակնիշի 22 ավտոմեքենա է գնել, իսկ նրա ավտոտնակում ընդհանուր առմամբ 70 մեքենա կա:

Վանականը նաեւ Լուանգ Պու Նեն Կհամ անունն է վերցրել՝ բոլորին համոզելու համար, որ վերածնված հայտնի հրաշագործն է: