Ստամբուլահայերի մի մասը, որ դեմ է թուրքական կառավարության որոշմանը, որով ներկայիս հիվանդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի տեղը նոր պատրիարք ընտրելու փոխարեն նշանակվել է հայկական եկեղեցու կանոնակարգում գոյություն չունեցող փոխպատրիարք հասկացությունը, հավաքել է 5 հազար 359 ստամբուլահայի ստորագրություն։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ ստամբուլահայերի «Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության կողմից կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել են պահանջները։ Ասուլիսին մասնակցած ստամբուլահայերը նշել են, թե Թուրքիայի հայ համայնքի ներսում ոչ մի պառակտվածություն չկա այս հարցում եւ իրենք որեւէ խնդիր չունեն թուրքական կառավարության որոշմամբ փոխպատրիարք նշանակված արք. Արամ Աթեշյանի հետ։
Ստամբուլահայերի խումբը պնդել է, թե խախտվում է պատրիարք ընտրելու իրենց իրավունքը եւ այդ իրավունքի վերականգման համար իրենք հավաքել են 5 հազար 359 ստորագրություն ու նամակ են ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Ցանկանում ենք ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնության անդամների անունից լրագրողների հետ հանդիպել են հայտնի ստամբուլահայեր՝ Հարութ Օզերը, Տիգրան Ալթունը, Մարկար Եսայանը, Կարո Պալյանը եւ այլոք։
Նշենք, որ ներկայիս Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանը անկողնային հիվանդ է։ Ստամբուլահայ համայնքի մի մասը կարծում էր, որ պետք է ընտրվեր համապատրիարք, քանի որ պատրիարք կարող է ընտրվել միայն նախկին պատրիարքի մահվան դեպքում։ Ստամբուլահայերի մյուս մասն էլ պնդում էր, թե ոչ թե համապատրիարք, այլ՝ պատրիարք պետք է ընտրել։ Այս խոսակցությունները թեժ քննարկվում էին, երբ թուրքական կառավարությունը հայտարարեց իր որոշումը, որով պարզապես նշանակվեց փոխպատրիարք։





























