Թաթարստանի Շեմորդան գյուղում երեք հարբած տղամարդիկ հարձակվել են պետավտոտեսչության երկու աշխատակցի վրա։ Այս մասին ասվում է տարածաշրջանային ՆԳՆ-ի կայքում։
«Տեսուչներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել, բայց դա չի կանգնեցրել հարձակվողներին։ Հաշվի առնելով, որ նշված անձինք կյանքի եւ առողջության համար սպառնալիք են ներկայացրել, տեսուչներից մեկը զենք է կիրառել եւ ոտքից վիրավորել տղամարդկանցից մեկին»,- ասվում է հաղորդագրությունում։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ին, երեկոյան։ Հարբած տղամարդիկ մոտեցել են ոստիկաններին, երբ վերջինները վարորդներից մեկի փաստաթղթերն են ստուգել։ Տղամարդիկ իրավապահներին նախ վիրավորել են, ապա ծեծի ենթարկել։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Տուժած հանցագործը տեղափոխվել է շրջանային հիվանդանոց։ Նշվում է, որ նա նախկինում սպանության համար պատասխանատվության է ենթարկվել։ Ոստիկանական բաժանմունք տարված հանցագործներից մեկը 7 անգամ դատապարտվել է կողոպուտի համար։



























