Բեռլինի Նեյքյոլն թաղամասում անցորդը քաղաքի բնակչին է վերադարձրել ծառի տակ մոռացած 22 ոսկու սալիկները ու երեք ու կես հազար եվրոն, հայտնում է The Local-ը։
Ոստիկանությանը տղամարդը պատմել է, որ իր հեծանիվն էր ամրացնում, դրա համար էլ փողով ու ոսկով ծրարը մի կողմ էր դրել, իսկ հետո մոռացել դրա մասին։
Իսկ անցորդը, որը որոշ ժամանակ անց հայտնաբերել էր այդ փաթեթը ծառի տակ, զարմացել էր՝ տեսնելով դրա պարունակությունը։ Մարդը, ում անունը չեն հայտնում, ծրարը ոստիկանություն է տարել։
Քանի որ փաթեթի մեջ նաեւ անձնական իրեր կային, իրավապահներին հաջողվել է արագ գտնել սեփականատիրոջը։
Հայտնում են, որ անցորդի ազնվությունը պարգեւատրվելու է։ Ըստ Գերմանիայի օրենսդրության, կորցրած իրեր գտնող մարդիկ իրավունք ունեն ստանալ իրենց գտածի 3-5 տոկոսը։ Տվյալ դեպքում պարգեւատրությունը կարող է հասնել երկու հազար եվրոյի։




























