ԵՄ-ն ակնկալում է, որ ԿԺԴՀ-ն զերծ կմնա հետագա սադրիչ գործողություններից, ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի այսօրվա փորձարկումը ԿԴԺՀ-ի միջազգային պարտավորությունների ուղղակի խախտում է, որոնք շարադրված են ՄԱԿ ԱԽ մի շարք բանաձեւերում։ Մենք ակնկալում ենք, որ ԿԺԴՀ-ն զերծ կմնա որեւէ հետագա սադրիչ գործողություններից, որոնք կարող են ավելացնել տարածաշրջանային ու գլոբալ լարվածությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

ԵՄ դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչը հավելել է, որ ԵՄ-ի օտարերկրյա գործերով Խորհրդի վերջին նիստում նշվում է, որ ԿԺԴՀ նման գործողությունները «լուրջ սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության համար»։ Նշում են, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին այդ հարցը կբարձրացնի մոտ օրերս։