Շանհայում արդեն 11 օր անոմալ շոգ է, որը վերջին 145 տարում նոր ռեկորդ է սահմանել, փոխանցում է «Սինհուան»:

Ուրբաթ օրվա դրությամբ Շանհայում օդի ջերմաստիճանը 11 օր շարունակ անցել է 37 աստիճանից՝ գերազանցելով 2013 եւ 1934 թվականների ռեկորդները, երբ շոգը պահպանվել է 10 օր:

Հուլիսի 21-ին օդի ջերմաստիճանը հասել է 40,9 աստիճանի՝ դառնալով քաղաքում երբեւէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը:

Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական կայանի կանխատեսմամբ՝ շաբաթ Չինաստանի հարավարեւելյան ափերը կպատուհասի այս տարի 9-րդ «Նեսաթ» թայֆունը: Թայֆունի առաջացրած անձրեւները պետք է նպաստեն կենտրոնական եւ արեւելյան շրջաններում ջերմաստիճանի որոշակի նվազմանը, որոնք հունիսի 26-ից սկսած տառապում են շոգից:

Շանհայի աստղադիտարանը կանխատեսել է, որ շաբաթ օրը անձրեւներ կլինեն եւ օդի ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի 36 աստիճանի: