Բաքվի սուպերմարկետում գողության մեջ մեղադրվող հաճախորդին փակել են սառնարանում, մինչեւ վերջինը կորցրել է գիտակցությունը։ Vesti.az-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Freshmart սուպերմարկետում։

37-ամյա Ֆիրուզ Ղահրամանովը իր ընկերոջ՝ Նովրուզ Սադիեւի հետ սուպերմարկետի առեւտրի սրահում է գտնվել, երբ ադմինիստրատորը նրանց ասել է, թե թանկարժեք ածելի են գողացել։ Նա պահանջել է 750 մանաթ վճարել՝ սպառնալով, որ հակառակ պարագայում «կզբաղվի» նրանցով։

Սադիեւը համաձայնել է՝ ասելով, որ գումարը վերցնելու համար տուն պետք է գնա, սակայն մի քանի ժամ անց զանգահարել է եւ ասել, որ չի կարող այդքան գումար հավաքել։ Այդ ժամանակ ադմինիստրատորն ու հսկիչը Ղահրամանովին տեղավորել են սառցախցիկում՝ նրան այնտեղ պահելով մինչեւ գիտակցությունը կորցնելը։

Ապա նրան մինչեւ ուշ գիշեր պահել են սուպերմարկետւոմ եւ նոր միայն բաց թողել։ Ղահրամանովը հայտարարել է, որ արդեն ոստիկանություն բողոք է ներկայացրել։