Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ օգոստոսի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը բարձր է գնահատել Քերոլայն Քոքսի հայանպաստ եւ մարդասիրական գործունեությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի ներկայացմանն ուղղված քայլերը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատելի է ակտիվացում եւ կարեւորել տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացումը, գործարար կապերի խթանումը, այդ թվում՝ տարբեր համաժողովների կազմակերպման միջոցով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցն առարկայական կերպով քննարկել է նաեւ ՀՀ-ում մեծ Բրիտանիայի դեսպանի հետ եւ ավելացրել, որ կան հստակ պատկերացումներ հետագա քայլերի ուղղությամբ:

Բարոնուհի Քոքսը վարչապետի հետ խոսել է Հայաստան եւ Արցախ կատարած իր բազմաթիվ այցելությունների մասին եւ նշել, որ ջերմորեն կապված է հայ ժողովրդի հետ: Բարոնուհին եւս անհրաժեշտ է համարել հայ-բրիտանական տնտեսական համագործակցության զարգացումը, կարեւորել միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Տիկին Քոքսը պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս իր գործունեությամբ աջակցել հայ ժողովրդին, նպաստել հայ-բրիտանական կապերի սերտացմանը: