Գերմանիայի բյուջեից թիրախային ֆինանսավորումը չպետք է ուղղված լինի Գերմանիայում գործող մզկիթների ու հասարակական կազմակերպությունների կարիքները հոգալուն, որոնք աջակցում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։ Նման կարծիք են հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը եւ արդարադատության նախարար Հայկո Մասը՝ Spiegel պարբերականում հրապարակված համատեղ հոդվածում, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։ 

«Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի Գերմանիայում մահմեդական համայնքները չհայտնվեն նախագահ Էրդողանի ազդեցության տակ»,-ընդգծվում է մեկնաբանությունում։

Քաղաքական գործիչները նշում են, որ թուրքական պետական հեռուստաալիքները Գերմանիայում բնակվող թուրքերին միանգամայն այլ պատկեր են ցուցադրում, որը չի համապատասխանում Թուրքիայի իրականությանը։ Այդ ամենը սպառնալիքի տակ է դնում Գերմանիայի «ժողովրդավարական մշակույթը»։

Գաբրիելն ու Մասը վստահ են, որ այդ ազդեցությունից անհրաժեշտ է պաշտպանվել այնպես, ինչպես մի շարք թուրքական կազմակերպությունների «հանցավոր, ահաբեկչական ու ծայրահեղական» գործունեությունից։