Ամերիկացի գիտնականների կարծիքով՝ միայնակ մարդիկ հակված են KFC-ի սնունդ գնել փաթեթի վրա մարդկային դեմքի շնորհիվ: Այս մասին նշված է European Journal of Social Psychology գիտական պարբերականի հրապարակման մեջ:
Օրեգոնի նահանգի համալսարանի պրոֆեսոր Բեթինա Քորնուելը ուշադրություն է դարձրել, որ Ֆրանսիա այցելության ժամանակ, որտեղ նա մենակ է եղել, անսպասելի ցանկացել է փաթեթի վրա ժպտացող դեմքով չիփս գնել: Ըստ որում՝ նա նշում է, որ այս սննդամթերքն ատում է:
«Ես ինձ հարցրեցի՝ չիփսի կոնկրետ այս փաթեթում ի՞նչ առանձնահատուկ բան կար: Ինչո՞ւ ես քիչ էր մնում գնեի այն, ինչն իրականում չեմ սիրում»,- The Sun պարբերականին ասել է պրոֆեսորը:
Քորնուելը գիտնականների է հավաքել այս հարցի պատասխանը գտնելու համար:
Հետազոտողները պարզել են, որ երբ մարդիկ սոցիալական փոխազդեցությունների պակաս ունեն, սկսում են այդ դատարկությունը լրացնել նաեւ գնումների միջոցով: Ստացած տվյալների համաձայն՝ միայնակ մարդիկ ենթագիտակցաբար այն ապրանքանիշներին են ձգտում, որոնք փաթեթների վրա ժպտացող դեմքեր են օգտագործում:
Գիտնականները մի քանի թեստ են անցկացրել՝ իենց ենթադրությունն ապացուցելու համար: Օրինակ՝ ստեղծվել է 18 կեղծ ապրանքանիշ: Դրանց մի մասի փաթեթները ժպտացող դեմքով էին, իսկ մյուս մասը՝ առանց դրա: Իրենց մենակ զգացող մարդիկ նախընտրել են ապրանքանիշի առաջին տեսակը:




























