Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում գործող 50 փոքր եւ միջին ձեռնարկություններ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից սառնարաններ կստանան։

Ընկերությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ Չինարի, Մովսես, Այգեպար, Սեւքար, Բաղանիս, Այգեհովիտ, Արտանիշ, Ջիլ, Ճամբարակ եւ Վահան գյուղերի մթերային խանութների սեփականատերերը կկարողանան իրենց մոտ վաճառվող ըմպելիքներն ու կաթնամթերքը թարմ եւ սառը պահել ցանկացած եղանակին։

Համայնքներն ընտրվել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» բիզնեսի պլանավորման թիմի կողմից, ովքեր լավ ծանոթ են մարզերում շուկայի առանձնահատկություններին, ուստի առաջնահերթությունը տրվել է սահմանամերձ գյուղերի փոքր ձեռնարկատերերին, ովքեր սառնարաններ գնելու համար սահմանափակ հնարավորություններ ունեն։

«Մեր ընկերությունը միշտ կարեւորել է կայուն զարգացումը բոլոր այն համայքներում, որտեղ մենք աշխատում ենք։ Անցած 20 տարվա ընթացքում մենք մեծ ջանքեր ենք գործադրել՝ խթանելու երկրի տնտեսական զարգացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով փոքր ու միջին բիզնեսին։ Մեզ համար հատկապես կարեւոր է շրջանների, մասնավորապես՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին օգնելը, որպեսզի նրանք կարողանան իրենց բիզնեսն ամրապնդելու եւ զարգացնելու համար միջոցներ ձեռք բերել՝ միեւնույն ժամանակ հոգալով իրենց ընտանիքների կարիքները», ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։

Սառնարանները, որոնք նախկինում օգտագործվում էին միայն ընկերության արտադրատեսակները պահելու համար, այժմ թարմացվել են եւ հարմարեցվել այլ ապրանքներ տեղավորելու համար։ Բաշխման աշխատանքներն արդեն սկսվել են, եւ մինչեւ ամսվա վերջ բոլոր սեփականատերերն արդեն կկարողանան օգտագործել նոր ստացված սառնարանները։

Հայաստանում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը գործում է 1995 թվականից: Լինելով «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի անդամ, որը տարիներ շարունակ ընդգրկված է Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսում, ընկերութունը կարեւորում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը։ Համայնքային բարեկեցությունից զատ, ջրային ռեսուրսների կառավարումն ու երիտասարդության զարգացման նախագծերը եւս մեր ուշադրության կենտրոնում են։