Հայաստանի ինտերնետ տարածությունն ընդլայնվում է մեծ տեմպերով։ «Ինտերնետ-հանրություն» հ/կ-ի նախագահ Իգոր Մկրտումյանի տվյալներով՝ միայն .am տիրույթում գրանցված է 13,5 հազար կայք, վերջին մեկ տարում նրանց թիվն ավելացել է 2000-ով։

Էլեկտրոնային առաջարկը բազմազան է եւ բազբաբնույթ՝ ուսուցողական, լրատվական, գիտական, ժամանցային, բիզնես եւ այլն։ Բնականաբար՝ միայն քանակական չափանիշներով այն գնահատել հնարավոր չէ։ Աշխարհում ներկայումս մեծ տարածում են գտել էլեկտրոնային բովանդակության մրցույթները, որոնք տարբեր անվանակարգերում փորձում են ընտրել լավագույն էլեկտրոնային տարբերակը։ Հայաստանում նման մրցույթներ անցկացվում են 2003 թվականից: Անդրանիկ մրցույթը կազմակերպվել է մաշտոցյան գրերի գյուտի 1600 ամյակի առիթով եւ կրել «Մաշտոց 1600» խորագիրը: Այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ անցկացվում է Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ/WSA) շրջանակներում՝ դրա կանոնակարգով։ Սահմանված են ութ անվանակարգեր` էլ.ուսուցում, էլ.առողջապահություն, էլ.գիտություն, էլ.մշակույթ, էլ.ժամանց, էլ.բիզնես, էլ.կառավարում եւ էլ.ներգրավում: Հայաստանյան մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամը եւ Էլ.բովանդակության ասոցիացիան (ԷԼԲԱ):

Այս տարի ի հայտ է եկել այս մրցույթի այլընտրանքը։ Հայտարարվել է ArmNet Awards մրցույթը, որի նպատակը լավագույն կայքերը որոշելն է։ Կազմակերպիչներն են SPMS, եւ Orange Armenia ընկերությունները, Circle.am կայքը։

Զարմանալիորեն՝ երկու մրցույթներն էլ տեղի են ունենում գրեթե միաժամանակ (դեկտեմբերին), ինչն անառողջ մրցակցության տարրեր է պարունակում։ ArmNet Awards-ի առանձնահատկությունն այն է, որ այն որեւէ կապվածություն չունի միջազգային մրցույթների հետ եւ ուղղորդված է զուտ դեպի ներքին շուկան։ Նրանց անվանակարգերն էլ էապես տարբերվում են WSA անվանակարգերից, եւ դասակարգված են ոչ թե ըստ ուղղությունների, այլ ըստ կայքի ներքին կառուցվածքի՝ դիզայն, նորարարություն, տեխնիկական լուծումներ, բովանդակություն։ Կա նաեւ հատուկ անվանակարգ՝ «տարվա առաջընթաց» անվանումով։

Անվանակարգերի նման տարանջատումը թույլ է տալիս ասել, որ այս մրցույթները ոչ թե խանգարում են միմյանց, այլ` լրացնում։ Պատահական չէ, որ բազմաթիվ կայքեր մասնակցության հայտ են ներկայացրել 2 մրցույթներին էլ։ Մրցույթներից մեկի հովանավորն է Հայաստանի կառավարությունը, մյուսինը՝ էկոնոմիկայի նախարարությունը։ Մեկին հովանավորում է VivaSell MTS-ը, մյուսին՝  OrangeArmenian-ն:

Այնուամենայնիվ՝ երկու մրցույթների գրեթե միաժամանակյա անցկացումը որոշ չափով նվազեցնում է նրանց նկատմամբ հետաքրքրությունը եւ խառնաշփոթ առաջացնում։ Պատահական չէ, որ ԷԼԲԱ-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը NEWS.am-ի հետ զրույցում դժգոհություն էր հայտնել ArmNet Awards մրցույթը դեկտեմբերին անցկացնելու որոշումից, թեեւ կողմ է, որ նման մրցույթների թիվն ավելանա։

Նշենք, որ ArmNet Awards-ն իր հաղթողներին հայտարարեց դեկտեմբերի 4-ին, իսկ WSA շրջանակներում մրցույթը ընթանում է նոյեմբերի 25-դեկտեմբերի 25 ժամանակահատվածում։

Ակնհայտ է, որ 2 մրցույթներն էլ պահանջված են եւ բավականին մեծաթիվ մասնակցություն են ապահովում։ Այսպես՝ ArmNet Awards-ին մասնակցել է 600-ից ավելի կայք, իսկ WSA վերջին մրցույթին մասնակցել են 377-ը։ Դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ 2010 թ. WSA մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել արդեն 223 կայքեր (հայտերի գրանցումն ավարտվում է դեկտեմբերի 15-ին)։

Այս տիպի մրցույթներին սովորաբար հանրահայտ կայքերը չեն մասնակցում, թեեւ նշենք, որ WSA մրցույթում շատ թե քիչ հանրահայտ կամ հեղինակավոր կայքերն ավելի շատ են։ Իսկ ArmNet Awards-ը մեծ հետաքրքրություն է առաջացրել շատ նեղ լսարան ունեցող կայքերի շրջանում։ Հենց այդ «մինի-կայքերն» էլ փորձել են կեղծել հանրային քվեարկության արդյունքները՝ հանրահայտ լինելու տպավորություն ստեղծելու նպատակով։ Դա նրանց հաջողվեց փայլուն կերպով, սակայն մրցույթի կազմակերպիչները չեղյալ համարեցին արդյունքները, իսկ հաղթողներին որոշեց ժյուրին։ Հատկանշական է, որ հաղթողներ ճանաչվեցին այն կայքերը, որոնք հանրային քվեարկության արդյունքներով հաջորդ փուլ չէին անցել։ Ընդհանրապես նշենք, որ երկու մրցույթներն էլ աչքի են ընկնում հաղթողներին որոշելու ընթացակարգերի ոչ լրիվ հստակությամբ։

Էլեկտրոնային բովանդակության մրցույթները շատ լավ միջոց են ոչ հանրահայտ, սակայն բովանդակային առումով հարուստ կայքերը հանրությանը հասանելի դարձնելու համար։ Օրինակ՝ էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթի (WSA) «մշակույթ» անվանակարգում 2008 թ. հաղթող էր ճանաչվել www.armenianarchitecture.am նախագիծը, որն իրենից ներկայացնում է հայկական պատմական հուշարձանների բացառիկ շտեմարան։ Սակայն մինչ մրցույթում հաղթանակ տոնելը այն շատ քչերին էր հայտնի։ ArmNet Awards-ի այս տարվա գլխավոր մրցանակը շնորհվեց բավական հետաքրքիր տեխնիկական լուծումներով հագեցած Սերգեյ Փարաջանովի թանգարանի www.parajanovmuseum.am կայքին։ Հետաքրքիր է, որ թանգարանի կայքը հանրային քվեարկության ընթացքում ընդամենը 99 ձայն էր ստացել եւ նույնիսկ հարյուրակում չկար։ Բոլոր դեպքերում՝  նմանատիպ մրցույթները ինչ-որ առումով նաեւ մշակույթի քարոզչության հաջողակ ձեւեր են։ 

Ակնհայտ է, որ էլեկտրոնային բովանդակության մրցույթները Հայաստանում պահանջված են։ Եթե մրցույթների կազմակերպիչները միմյանց հետ համաձայնության գան դրանք տարբեր ժամանակահատվածներում անցկացնելու համար՝ ապա միմյանց չեն խանգարի, իսկ մասնակիցների թիվն էլ համեմատաբար մեծ կլինի։